ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արևմուտքը Մոլդովա պետության գոյությունն անբնական ու անիմաստ է համարում

Արևմուտքը Մոլդովա պետության գոյությունն անբնական ու անիմաստ է համարում
10.04.2009 | 00:00

ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին հետխորհրդային տարածքում կարևոր հրատապություն ունեցող հիմնական գործընթացը Մոլդովայում տեղի ունեցող հետընտրական զարգացումներն են, որոնք արևմտյան փորձագետների ու ԶԼՄ-ների «օրհնությամբ» արդեն բնութագրվում են իբրև հերթական գունավոր, այս անգամ յասամանների հեղափոխություն։ Իրականում, սակայն, կարծես ավարտին է մոտենում Մոլդովան Ռումինիայի կազմ վերադարձնելու պատմական փուլը։
Սկզբունքորեն Մոլդովայի ստեղծումը որպես նախ` խորհրդային, ապա ԽՍՀՄ փլուզման պատճառով` իբրև անկախ պետություն, միշտ քաղաքագիտական ու վերլուծական շրջանակներում համարվել է արհեստական երևույթ։ Թեկուզ այն պատճառով, որ ժամանակին խորհրդային ՈՒկրաինայի կազմում Մոլդովական Ինքնավար Հանրապետությունը ստեղծվեց ստալինյան դիրեկտիվով, իսկ 1940-ին (գործնականում 1944-ին) Հյուսիսային Բուկովինան Ռումինիայից անջատելու ու ԽՍՀՄ-ին բռնակցելու ճանապարհով ձևավորվեց արդեն Մոլդովական ԽՍՀ-ն։ Խորհրդային Միության փլուզումից հետո այն անկախացավ, ինչպես բոլոր մյուս հետխորհրդային պետությունները։
Դեռ սովետական ժամանակներում ոչ մեկի համար գաղտնիք չէր իր տարածքը հետ ստանալու սոցիալիստական դարձած Ռումինիայի ցանկությունը, և այդ հարցը խորհրդա-ռումինական տարակարծություններից գլխավորն էր համարվում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռումինիան սկսեց վերամիավորման գործընթացը, և ամենահետաքրքիրն այն է, որ դա արվեց հեռանկարային «ներդրման» ճանապարհով։ Ոչ, Մոլդովայում չբացվեցին ռումինական բազմաբնույթ ձեռնարկություններ, չիրականացվեցին բազմամիլիոն ներդրումներ։ 1990-ականներին Բուխարեստն ինքն ուներ դրանց կարիքը ոչ պակաս, քան Քիշնևը։ Սակայն ռումինացիները խաղագումարը դրեցին ապագա սերնդի վրա, հետխորհրդային բոլոր տարիներին նրանք Մոլդովայում իրականացրին բազմաբնույթ լայնածավալ կրթական ծրագրեր, արտոնյալ պայմաններով ռումինական համալսարաններում ուսում ստանալու հնարավորություն տրամադրեցին բազմահազար մոլդովացի երիտասարդների։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկու երկրների միջև սահմանը եղել է շատ թափանցիկ, վիզային ռեժիմի մեղմացման միտումով` մինչև այդպիսի ռեժիմն ընդհանրապես բացառելը։ (Միայն երկու օր առաջ Մոլդովայի հեռացող նախագահը հայտարարեց այդ ռեժիմը վերականգնելու իր մտադրության մասին)։
Միաժամանակ Մոլդովայի քաղաքական դաշտում հիմնադրվեցին Բուխարեստի մշտական հովանավորությունը վայելող ազգայնական կուսակցություններ, որոնք, աստիճանաբար թափ հավաքելով, այսօր, փաստորեն, վճռորոշ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի վրա։ Ռուսերենին գրեթե չտիրապետող մինչև 30 տարեկան մոլդովացիների սերունդն արդեն հստակ կողմնորոշված է։ Ռուսաստանը նրանց համար հեռավոր մի երկիր է, ուր լավագույն դեպքում կարելի է մեկնել ժամանակավոր շինարարական աշխատանքների, իսկ Ռումինիան` մայր հայրենիք։ Ազգային ինքնագիտակցության այսպիսի փոփոխությունը, թերևս, լավագույն վկայությունն է այն իրողության, որ ազգի պատմական հիշողությունը մնայուն կատեգորիա է, որը նպաստավոր պայմաններում արթնանում է ու դրսևորում իրեն։ Իհարկե, մոլդովացիների երիտասարդ սերնդի կողմնորոշման մեջ կարևոր նշանակություն է ունեցել Ռումինիայի եվրոպականացումը, նրա ինտեգրացումը սկզբում ՆԱՏՕ-ի, իսկ երկու տարի առաջ նաև Եվրամիության կազմ։ Եվ շատ բնական է, որ մոլդովացիների մեծամասնությունը, անկասկած, ցանկանում է ապրել բարեկեցիկ եվրոպական ընտանիքում, մանավանդ որ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներն անցած տարիներին այդ երկրի համար որևէ հեռանկար չեն նախանշել, նույնը կարելի է ասել ՎՈՒԱՄ-ի պարագայում։ Հակառուսական տրամադրությունների աճին նպաստում էր նաև Մոսկվայի բացահայտ աջակցությունը Մերձդնեստրի հանրապետությանը, ինչը, մոլդովացիների պնդմամբ, միշտ եղել է հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտը։
Այժմ բուն ընտրությունների մասին։ Ըստ ռուսական փորձագետների, Քիշնևի կենտրոնում «հեղափոխական ցնցումը» կազմակերպված էր Ռումինիայի հատուկ ծառայությունների անմիջական միջամտությամբ։ Հարկ է նշել, որ սա բացառված վարկած չէ, քանզի Ռումինիան առնվազն իր սոցիալիստական ժամանակաշրջանում խորհրդային բլոկի այն երկրներից էր, որ ուներ կայացած հատուկ ծառայություններ։ Ռումինական «Սեկուրիտատեն»` հակահետախուզությունը, այնքան հզոր էր, որ գաղտնալսում էր երկրի բոլոր հեռախոսահամարները։ Հազիվ թե խորհրդային համակարգի փլուզումից հետո նման կառույցը դադարել է գործելուց։ Ռումինական միջամտության մասին են խոսում նաև բազմաթիվ այլ փաստեր, բայց արդյո՞ք երկրի բնակչությունը դա անբնական միջամտություն է համարում Մոլդովայի ներքին գործերին։ Հազիվ թե, հակառակ դեպքում ընդդիմադիր լիբերալների, լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները և «Մեր Մոլդովա» դաշինքը չէին ստանա ընտրողների ձայների մոտ 40 տոկոսը (պաշտոնական տվյալներով)։ Իրականում մոլդովական ընդդիմությունը համարում է, որ կոմունիստների 49,48 տոկոս քվեները զգալիորեն կեղծված են, քանզի նախագահ Վլադիմիր Վորոնինի պաշտոնավարման երկրորդ ժամկետը սպառվում է և նրան անհրաժեշտ էր խորհրդարանում այնպիսի մեծամասնություն ձևավորել, որը հնարավորություն կտար նախագահի պաշտոնին նստեցնել իր մարդուն։ Նկատենք նաև, որ Մոլդովան միակն է ԱՊՀ պետություններից, որ լիարժեք խորհրդարանական հանրապետություն է և երկրի նախագահն ընտրվում է ոչ թե բնակչության ուղղակի քվեարկությամբ, այլ 61 պատգամավորների կողմ ձայներով։
Առաջին հայացքից իշխանությանը հաջողվել է լուրջ ջանքերի գնով կարծես կայունացնել իրավիճակը։ Սակայն ապրիլյան ցնցումը նաև բացահայտեց Վորոնինի գլխավորած վարչակարգի խոցելիությունը։ Երբ հեղափոխական երիտասարդների ամբոխն այրում էր կառավարական շենքերը, իսկ ոստիկանությունն անորոշությունից ճնշված պարզապես լքում էր «մարտի դաշտը», հավաստի աղբյուրները պնդում էին, որ բանակը հրաժարվել է ենթարկվել երկրի նախագահի հրամանին և ուժային ակցիա ձեռնարկել ցուցարարների նկատմամբ։ Միանգամայն հասկանալի չեզոքություն են պահպանել նաև անվտանգության ծառայությունները, և միայն ոստիկանությանը մեկ օր անց «խելքի բերելու» ու շռայլ պարգևատրումների միջոցով հնարավոր է եղել քիչ թե շատ կայունացնել իրավիճակը։ Ըստ իրավիճակին տեղյակ փորձագետների, մի շարք ընդդիմադիրների ձերբակալելու, ռումինական դեսպանին արտաքսելու, սահմանային անցակետերի հսկողությունը խստացնելու և վիզային ռեժիմ սահմանելու միջոցով ընդդիմության ալիքը թուլացնել չի հաջողվի, և իշխանության այդ քայլերն ունենալու են զուտ ժամանակավոր էֆեկտ։ Այն պարզ պատճառով, որ Վլադիմիր Վորոնինի պաշտոնավարման ժամկետը սպառվել է, խորհրդարանը պետք է ընտրի երկրի նոր նախագահ։
Եվ այստեղ է, որ ընդդիմությունն ունի երկու տարբերակ։ Կամ նույն ծավալով շարունակել բողոքի ակցիաները, կամ առաջիկա մի քանի օրերին ընտրությունների արդյունքները բողոքարկելով նվազեցնել կոմունիստների քվեները։ Հետաքրքիր է և այն, որ արևմտյան վերլուծական կենտրոնները, որոնք ընտրությունների ընթացքում ուսումնասիրություններ են անցկացրել, պնդում են, որ կոմունիստները խորհրդարանում պետք է ունենան ոչ թե 60, այլ 55 մանդատ։ Լիբերալ և լիբերալ-դեմոկրատական կուսակցություններին բաժին է ընկնում 17-ական մանդատ, «Մեր Մոլդովա» դաշինքին` 12։ Սա որոշակի ցուցանիշ է, որ կա նպատակ` արտաքին ճնշման միջոցով մեծացնել ընդդիմության ներկայությունը։ Երկրի նախագահին ընտրելու համար անհրաժեշտ է 61 պատգամավորի կողմ ձայն։ Եթե կոմունիստները չկարողանան դա ապահովել, հարկադրված կլինեն կամ երկխոսության գնալ մյուս երեք արմատական ընդդիմադիր ուժերի հետ և գտնել համաձայնեցված թեկնածու, կամ նախագահի ընտրությունները չեն կայանա, իսկ այդ դեպքում սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանի լուծարում և նոր ընտրություններ։ Այսինքն, հենց այն սցենարը, ինչը պահանջում է ընդդիմությունը։ Սա նշանակում է, որ յասամանների հեղափոխությունը շարունակվելու հեռանկար ունի։
Ռուսաստանի արձագանքը մոլդովական իրադարձություններին բնական էր ու հասկանալի։ Կրեմլն իր աջակցությունը հայտնեց հեռացող նախագահին, որովհետև այլ ճանապարհ ուղղակի չկար։ Մոլդովան Վրաստան չէ, ոչ էլ Մերձդնեստրի Հանրապետությունն` Աբխազիա կամ Հարավային Օսիա, որի շահերի, բնակչության պաշտպանության համար Ռուսաստանը կարողանա դիմել ուղղակի ռազմական միջամտության։ Դրա համար անհրաժեշտ է կտրել ողջ ՈՒկրաինայի տարածքը մի ծայրից մյուսը, ինչը գործնականում անհնար է։ Այսպիսով, քաղաքական ներգործությունից բացի, Կրեմլն այլ լծակների չի տիրապետում։
Մինչդեռ ստեղծված իրավիճակը նոր փոփոխություններ է ենթադրում Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած ազգամիջյան հակամարտությունների դաշտում։ Մասնավորապես, օրակարգից կարող է դուրս գալ Մերձդնեստրի հարցը որպես այդպիսին։ Մոլդովական ընդդիմությունը նպատակ ունի մեկ տարվա ընթացքում հանրաքվեի միջոցով հասնել Ռումինիայի հետ վերամիավորման, ինչն ինքնին ենթադրում է մոլդովական պետության վերացում և ՆԱՏՕ-ի սահմանի առաջ քաշում առնվազն մինչև Դնեստր գետը, իսկ գուցեև ավելի առաջ, եթե Ռումինիան ցանկանա «իրենով անել» նաև չճանաչված հանրապետության տարածքը։ Այդ դեպքում Մերձդնեստրի բնակչության մի զգալի մասը կարտագաղթի Ռուսաստան և ՈՒկրաինա։ Դա, անշուշտ, չի ունենա բռնագաղթի դրսևորում, երևույթը կկրի քաղաքակիրթ ու աստիճանական բնույթ, ու դրանով էլ ևս մի չճանաչված պետության «հարցը կփակվի»։ Թեպետ առանձին վերլուծաբաններ չեն բացառում Մերձդնեստրի միավորումը ՈՒկրաինային` ինքնավարության որևէ կարգավիճակով։ Չնայած պաշտոնական Կիևն այս խաղի մեջ ընդգրկվելու ցանկություն առայժմ կարծես չունի։ Ընդ որում, փորձագետների մեծամասնության կարծիքով, Ռումինիայի այսպիսի պահվածքը ոչ այնքան ամերիկյան, որքան Եվրամիությունում Ռուսաստանի մերձավորագույն գործընկեր համավող Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականության հետևանքն է, որոնք միշտ էլ Մոլդովան համարել են Ռումինիայի մասը։ Պատահական չէ, որ Վրաստանի և ՈՒկրաինայի օրինակով այս երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարց որպես այդպիսին չի շոշափվում։ Ասել է թե` Արևմուտքում վաղուց ի վեր կա որոշում, որ Մոլդովա պետության գոյությունն անբնական է ու անիմաստ, ավելի ճիշտ է վերամիավորել նույն ժողովրդի երկու անջատված հատվածները։
Հետխորհրդային մեկուկես տասնամյակի անորոշ վիճակը, երբ գերտերությունների համատեղ ներկայությունը հնարավոր էր համարվում նույն գոտում, կարծես մոտենում է ավարտին։ ԱՄՆ-ը և եվրոպական պետությունները հակված են նոր սահմաններ քաշելու և ջրբաժան գծեր անցկացնելու ռուսական ազդեցության գոտիների և այն տարածաշրջանների միջև, որոնք դիտարկում են իբրև արևմտյան շահերի գոտի։ Այդպես Աբխազիան և Հարավային Օսիան անջատվեցին Վրաստանից, կարծես նշմարվում է Մերձդնեստրի հարցի լուծումը։ Հայաստանը պետք է պատրաստ լինի առաջիկա աշխարհաքաղաքական զարգացումներում պաշտպանելու երկրորդ հայկական պետության` ԼՂՀ-ի գոյությունը կամ ապահովելու մայր հայրենիքի հետ նրա վերջնական վերամիավորումը։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3042

Մեկնաբանություններ